Տավուշի մարզի Իջևան քաղաք

Իջևան

Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Քաղաքը գտնվում է Աղստև գետի հովտում՝ կանաչ լեռների գրկում։ Համաձայն պատմական աղբյուրների՝ այս վայրը 18-րդ դարում եղել է տարանցիկ առևտրական ճանապարհ և ունեցել է շատ իջևանատներ։ 18-րդ դարավերջին այստեղ հիմնադրվել է Քարվանսարա (իջևանատուն) գյուղը, որը Հայաստանի խորհրդայնացումից հետո վերանվանվել է Իջևան: Այն քաղաքի կարգավիճակ է ստացել 1961 թ-ից, իսկ առողջարանի կարգավիճակ՝ 1991 թ-ից։

Իջևանի տեսարժան վայրերից, քաղաքային հուշարձաններից անբաժան է հրաշալի համայնապատկերը՝ անտառապատ լեռներ, փարթամ բուսականություն, ալպյան մարգագետիններ։ 1962 թ-ին քաղաքում հիմնվել է Դենդրոպարկ, որտեղ աճում են աշխարհի տարբեր երկրներից բերված և այս կլիմայական պայմաններին ընտելացված 650 տեսակ ծառ ու թուփ։ Դենդրոպարկի անկրկնելի «տեսարժան վայրերից» է արջատխլենու պուրակը, որը, տնօրենի խոսքով, աշխարհում միակն է։ Այս այգում իրենց «հրաշալի են զգում» ոչ միայն հսկայական սեկվոյան, որի բարձրությունը 100 մ է, այլև վայրի խնձորը, կիտրոնը, սերկևիլը, բազմաթիվ հատապտուղներ։ Այստեղ աճում են նաև այնպիսի ծառեր, որոնցից աշխարհում շատ քիչ են պահպանվել։

Դենդրոպարկը գեղատեսիլ է բնության բոլոր եղանակներին։ Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները ընտանեկան հանգստի, վայրի բնության ազատությունը վայելելու համար։ Իջևանը կոչում են նաև «100 քանդակների քաղաք»։ 1985-1988 թթ. այստեղ անցկացվել են քանդակի միջազգային սիմպոզիումներ, փառատոններ և ցուցահանդեսներ, որոնց ժամանակ քաղաքը վերածվել է մեծ արվեստանոց-թանգարանի՝ բաց երկնքի տակ։ Միջոցառման ժամանակ տարբեր քանդակագործների աշխատանքներ տեղ են գտել քաղաքային զբոսայգում, որի համար 1985 թ-ին այստեղ հիմնադրվել է Քանդակների այգի՝ 113 քանդակներով։ Իջևանի քաղաքային զբոսայգին հայտնի է նաև եղևնիների պուրակով, որի առողջարար օդի շնորհիվ այգին սիրելի զբոսավայր է իջևանցիների և նրանց հյուրերի համար։

Իջևանի գինու և կոնյակի գործարանը շարունակում է և հարստացնում հայկական գինու և կոնյակի ավանդույթները։ Գործարանը մշտապես ընդլայնում է տեսականին և նրբահամ գինու սիրահարներին առաջարկում նաև բալի, նռան, մոշի, սերկևիլի գինիներ։ Իջևանը հարուստ է նաև եկեղեցիներով, ամրոցներով, որոնք տարածաշրջանի պատմության խոսուն վկաներն են։ Իջևանից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղի 7 հա տարածքում գործում է Հայաստանի առաջին՝ էքստրիմի և զվարճանքների պարկը: Yell Extreme Park-ի  այցելուները կարող են ձիավարել, ժայռեր մագլցել, մասնակցել արշավների, լեռնային հեծանվավազքի, «ճախրել» զիփլայնով, թռչել պարապլանով՝ Տավուշի չքնաղ բնությամբ հիանալով թռչունի թռիչքի բարձրությունից: Նախաձեռնությունը սկիզբ է առել 2003 թ-ից և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ-ին։ Պարկը ամեն տարի էքստրիմ նախընտրող զբոսաշրջիկների է ընդունում տարբեր երկրներից։

Մեր լավագույն թոփ կատեգորիաները

Հայտնի հոդվածներ